ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Խաղաղության պայմանագրի նախագծում կա ևս մեկ-երկու ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակվեն, դրանից հետո հայկական կողմը հույս ունի հասնելու պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ․ բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց հայկական կողմի առաջարկը՝ ստորագրել պայմանագիրը՝ այս պահին համաձայնեցված կետերով և շարունակել բանակցությունները մյուս կետերի շուրջ։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այս առաջարկն ադրբեջանական կողմից խանդավառությամբ չի ընդունվել՝ դատելով հրապարակային արձագանքներից և շփումներից։
«Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը, Երևանն առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։
ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող կետը։
Օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշեց, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Ադրբեջանի նախագահը սեպտեմբերի 23-ին երկրի խորհրդարանում հայտարարեց, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողությունները որակեց «ոչ ադեկվատ և պարզունակ»։