Վտանգավոր և ռիսկերով լի. Արամյանը` 2025թ–ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի մասին

Sputnik
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 28-ից մեկնարկել են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի հիմնական ցուցանիշների, առաջնահերթությունների իրագործելիության շուրջ Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանություններ է արել ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը։
- Ազգային ժողովում սկսվել են 2025 թվականի բյուջեի քննարկումները: Առաջին օրը, ըստ ավանդույթի, խորհրդարանականների առաջ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մի փոքր անսովոր ձևով ներկայացրեց բյուջեի գաղափարն ու հիմնական նպատակը: Ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ունենալով կառավարման համակարգում աշխատելու փորձ, հիշո՞ւմ եք, որ բյուջեի նման ներկայացում երբևէ եղած լինի։
Սովորաբար կառավարության ղեկավարները ներկայացրել են հանրությանը, թե ինչպես են պատրաստվում տնօրինել ՀՀ շարքային քաղաքացիներից հավաքագրված եկամուտների մասնաբաժինը։ Չէ՞ որ ծախսում են ոչ իրենց սեփական գումարները և պետք է նաև հաշվետու լինեն։
Այս անգամ ՀՀ կառավարության ղեկավարը խոսում էր, օրինակ, ընտանիքի մասին։ Այնպես չէ, որ իր խոսքերում սխալ բաներ կային։ Ուղղակի հարցն այն է, թե դա ում էր ուղղված։ Իրականում ընտանիքներում էլ մենք տարեվերջին մտովի պլանավորում ենք հաջորդ տարվա մեր անելիքները։ Այ, որպես երկրի ղեկավար, նա պետք է այս պլանների մասին խոսեր, և ոչ թե բացատրեր, թե բյուջեն ինչ է։
ՀՀ բյուջեի եկամուտները 7 տարում կրկնապատկվել են՝ առանց հարկային բեռի ավելացման. Բադասյան
Բայց հայկական իրականության մեջ զարմանալու ոչինչ չկա։ Եթե ԶՈւ ԳՇ պետին լրագրողները հարց են ուղղում, թե սահմանային անվտանգության հետ կապված ի՞նչ եք տեսնում, պտտվում և առանց ամոթի ասում է` այդ հարցերն ինձ մի ուղղեք, ես չեմ դրա հասցեատերը։ Մինչդեռ կա Սահմանադրության 14-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր գերագույն նպատակը սահմանների անվտանգությունն է։ Կամ, եթե երկրի գլխավոր դատախազը պատգամավորին ասում է` տեսանկարահանումները փաստեր չեն կարող համարվել, ապա այսպիսի անտրամաբանական, աննորմալ իրավիճակում վարչապետի նմանատիպ ելույթն էլ շատ օրինաչափ է։
- Վստահ եմ, որ ծանոթացած կլինեք բյուջեի գոնե հիմնական ցուցանիշներին։ Եթե կհիշեք, նախկինում ավանդույթ կար բյուջեին ինչ–որ անուններ, որակումներ տալու։ Այնքանով, որքանով հասցրել եք ծանոթանալ, ի՞նչ որակում կտաք հաջորդ տարվա բյուջեին։
- Ես կասեի, որ 2025թ–ի բյուջեն շատ ավելի վտանգավոր է, քան 2024–ինը։ Եթե թվերով խոսենք, 2024թ–ին նախապես կանխատեսվում էր հարկեր/ՀՆԱ ցուցանիշի 0.9 տոկոսային կետով բարելավում` 2023-ի համեմատ։ Հետո ԱԺ–ում հաստատեցին 0.7 տոկոս, ապա միջնաժամկետ ծախսային ծրագրում ֆիքսեցին 0.5 տոկոս։ Հիմա սպասվող բյուջեի մեջ դրված է 0.2 տոկոսային կետ բարելավում։ Հարկային եկամուտների արդեն 150 մլրդ թերհավաքագրում կա սկզբնական բյուջեի համեմատ։ Այսքանից հետո 2025թ–ի բյուջեում մեկ էլ բացում ենք ու տեսնում` նույն կերպ 0.7 տոկսային կետով բարելավում է դրված։ Այնպես որ, վերադառնալով հարցին, թե բյուջեին ինչպիսի անուն կտայի, ես կտայի «վտանգավոր և բավականին ռիսկերով լի բյուջե» անունը։
–Ինչո՞ւ վտանգավոր։ Որտե՞ղ են թաքնված բյուջեի ռիսկերը։
Առաջին վտանգը տնտեսական աճի կառուցվածքն է։ Գնահատված է 5,6% տնտեսական աճ։ Եթե նայում ենք ըստ ճյուղերի, արդյունաբերությունում նախատեսված է 5 տոկոսից ավելի։ Ես, անկեղծ ասած, այս հարցում մի քիչ սկեպտիկ եմ, որովհետև արդյունաբերությունում ներդրումներ չկան: Արդյունաբերության աճը հիմնված է բացառապես ոսկու վերարտահանման վրա։ Եվ կախված է այն բանից, թե որքան կտևի այդ իրավիճակը։ Ես չգիտեմ, գուցե 2025 թվականին մեկ այլ շոկ լինի. ասենք, ոսկու արտահանումը վերափոխվի մեկ այլ, ենթադրենք, Էլեկտրատեխնիկայի կամ չգիտեմ ինչի վերարտահանման, որը լրացուցիչ հոսք կապահովի: Բայց տնտեսագիտական ակադեմիական աշխարհում դա ընդունված է համարել անկայուն տնտեսական աճի հենք, որովհետև դա քո սեփական կարողություններից կախված չէ, դա կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից, այլ արտաքին գործոններից, որոնք քո հսկողությունից դուրս են։
Պատկերացրեք՝ ոսկու արտահանումը սահմանափակումների կամ այլ պաճառով ուղղակի կանգ առնի։ Ի՞նչ տեղի կունենա մեզ մոտ: Բնականաբար, դա արտացոլվելու է մեր տնտեսական աճի ցուցանիշում:
Պարեկային ծառայության համար ներդրվել է 29 մլրդ դրամ, որից 20–ը` ՀՀ բյուջեից. Փաշինյան
Երկրորդ խնդիրը, որ բյուջեի ցուցանիշներում ես տեսնում եմ, հարկերի հավաքագրումն է։
Երրորդ խնդիրն այն է, որ մեզ մոտ պակասուրդը ՀՆԱ–ի մեջ աճում է։ Ինձ անհանգստացնում է, թե ինչ տեմպերով են աճում ընթացիկ ծախսերը: Ընթացիկ ծախսերն ավելի արագ են աճում, քան կապիտալ ծախսերը, և սա արդեն վտանգ է: Սովորաբար բյուջեում շատ ավելի հեշտ է կրճատել կապիտալ ծախսերը, քան ընթացիկը: Դու չես կարող գնալ թոշակառուին կամ ուսուցչին ասել` հիմա քեզ գումար չեմ տալիս։
Խնդիր է նաև պակասուրդի ֆինանսական աղբյուրների հարցը։ Եթե, Աստված մի արասցե, 2025թ–ին լինեն որոշակի բացասական ցնցումներ կամ հետևանքներ, օրինակ, եթե ՌԴ–ի նկատմամբ կոշտացումներն ավելի խորանան, և մենք ստիպված լինենք որոշակի բաներից հրաժարվել այնպես, ինչպես չինական բանկերի շուրջ 60 տոկոսը ստիպված եղավ հրաժարվելռուս–չինական առևտրային հոսքերի գործարքները սպասարկելուց։
Առաջին անգամ արտաքին առևտուրը ավելի դանդաղ է աճում, քան երկրների տնտեսական աճը, ինչը նշանակում է, որ երկրներն ավելի շատ փակվում են, գլոբալիզացիան փոխարինվում է ռեգիոնալիզացիայով։ Դրա համար, ամփոփելով այս հարցը, ես կասեի, որ 2025 թվականի բյուջեն 2024 թվականի արտացոլանքն է. այն ռիսկերը և խնդիրները, որ կային 2024–ին, պահպանվել են ու մի բան էլ ավելի են խորացել, որովհետև մեր տնտեսական աճի պոտենցիալը գնալով թուլանում է։ Ճիշտ է, վիճակագրությունը փաստում է, որ աճ կա, բայց պետք է ուշադրություն դարձնենք հարակից ցուցանիշներին` ներդրումների ծավալ, տնտեսական աճի կառուցվածք, բիզնեսի վարքագիծ։ Օրինակի համար` այս տարի զուտ օտարերկրյա ներդրումները առաջին կիսամյակում բացասական են: Բիզնեսը փախչում է Հայաստանից։
- Ֆինանսների նախարարն էլ բյուջեի նախագիծը ներկայացնելիս չթաքցրեց, որ բավական մեծ պակասուրդ ենք ունենալու 2025թ–ին` 609 մլրդ դրամի, և որ այս պակասուրդը նաև պետական պարտքի ավելացման հաշվին է փորձ արվելու լրացնել։ Եթե 2024 թվականին բյուջեով 49.8%-անոց պետական պարտք ունենք, 2025 թվականին այն արդեն 53.5%-ի է հասնելու։
- Ժողովրդական լեզվով ասած` բյուջեն չի կարող ծակ լինել։ Պակասուրդը միշտ հաշվեկշռված է։ Բայց կա երկու ուղղություն, որոնք, կարծում եմ, բավականին մեծ մարտահրավեր են ներկայացնում։ Առաջինը բյուջետային վարկերն են։ 260 մլրդ–ի կարգի բյուջետային վարկեր են նախատեսված։ Այսինքն` պետությունը, կառավարությունը, պետք է որոշակի տնային աշխատանքներ կատարի, ռեֆորմներ իրականացնի և դրա արդյունքում ստանա գումարներ։ Այստեղ ես բավականին լուրջ ռիսկ եմ տեսնում, թեև, որքանով տեղյակ եմ, այդ 206 մլրդ–ի վերաբերյալ պայմանավորվածություններ արդեն կան միջազգային ֆինանսական կառույցների հետ։ Բայց մի բան է պայմանավորվածությունը, մեկ այլ բան է դրա իրականացումը։ Միջազգային կառույցները հենց այնպես չեն տալիս այդ գումարները. տալիս են գործողությունների մատրիցա, որի արդյունքում ստանում ես գումար։ Իսկ ստանձնած բարեփոխումների իրականացման հարցում պետք է քաջություն ու որոշումներ կայացնելու կարողություն։ Բայց ես մեծ մտավախութուն ունեմ, մանավանդ տեսնելով քրեական գործերի հարուցումները, որ որոշումների փոխարեն լինելու է պահպանողականություն, և կառավարությունը ծուլանալու է իր առջև դրված խնդիրներն իրականացնել։ Արդյունքում բյուջետային ճեղքը փակելու համար ստիպված են լինելու գնալ ծախսերի վերանայման, կրճատման։
ՊՆ-ն կարո՞ղ է ծախսել ամբողջ գումարը, եթե կառավարությունը կրկնապատկի բյուջեն. Փաշինյան
Երկրորդ խնդիրն այն է, որ մենք հաջորդ տարի ունենք եվրաբոնդերի վերաթողարկման խնդիր, 190 միլիարդից մի փոքր պետք է նոր եվրաբոնդերի թողարկման համար, և 130 մլրդ–ից մի փոքր ավել` 2015թ–ին թողարկված եվրաբոնդերի մարման համար։ Սա բավական բարդ խնդիր է լինելու ֆինանսների նախարարության համար։
- Հաշվի առնելով Ձեր նշած խնդիրները համաշխարհային տնտեսության մեջ, հնարավորություն ունենալո՞ւ ենք արտաքին աղբյուրներից գումարներ ներգրավելու։
Գումար վերցնելու հնարավորություն միշտ էլ կա, բայց այլ հարց է, թե ինչ տոկոսով։
Ես դժվարանում եմ ենթադրել, թե ռեֆորմների ինչ պատմություն պետք է դնեն ներդրողների առջև, որպեսզի համոզեն ցածր տոկոսով վարկ տալ։
Երկու ոչ բարենպաստ գործոն առնվազն կա` համաշխարհային տնտսության մեջ բարձր տոկոսադրույքների ֆոն և ներքին տնտեսական քաղաքականության կուրս, որն ուղղակի անհասկանալի է։
Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն հենված է երեք առաջնահերթությունների վրա. Փաշինյան
Մենք արդեն տեսնում ենք, որ ՀՀ–ից ներդրումների փախուստ է տեղի ունենում: 2023թ–ին, եթե չեմ սխալվում, շուրջ 130 միլիարդի օտարերկրյա ուղղակի ներդրումներ ենք ունեցել իրական հատվածում, որից 103 միլիարդը եղել է «Ամերիաբանկի» գործարքի հաշվին։ Իսկ այս տարվա առաջին կեսում մենք ունենք արդեն բացասական օտարերկրյա ուղղակի ներդրումներ։
Ներդրողների համար ոչ թե պահի ցուցանիշն է կարևոր, այլ դինամիկան`զարգացումը ուր է գնում։ Կան նաև էսկալացիոն վտանգներ` ի դեմս Ադրբեջանի հռետորաբանության։ Ինչքան էլ որ կառավարությունը ջանա ցույց տալ, որ մենք խաղաղության ենք գնում, բոլորս տեսնում ենք այլ հռետորաբանություն Ադրբեջանի կողմից: Եվ այս ֆոնին համոզել, որ մեզ էժան տոկոսով վարկ տան, բավականին բարդ է լինելու։