ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Լեհաստանի Ռաշին քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչեւ 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մինչև 20 տարեկան ծանրորդների 81կգ քաշային կարգում, չեմպիոնի կոչման համար համառ պայքար ծավալվեց մեր Նարեկ Մկրտչյանի և ադրբեջանցի Ռավին Ալմամադովի միջև։
Պոկում վարժությունում ադրբեջացին ցույց տվեց 151կգ արդյունք ու նվաճեց ոսկե փոքր մեդալը, իսկ Նարեկը 150 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը։ Իսկ ահա հրում վարժությունում հայ ծանրամարտիկը գերազանցեց բոլորին, ու այդ թվում և ադրբեջանցուն։ Մկրտչյանը գլխավերևում պահեց 191կգ կշռող ծանրաձողն ու երկամարտում շրջանցեց մրցակցին նվաճելով և փոքր ոսկե մեդալը՝ հրում վարժությունում, և մեծ ոսկե մեդալը երկամարտի 341կգ արդյունքով։
Այս պահին Հայաստանի հավաքական թիմերը Եվրոպայի առաջնությունում երկամարտում արդեն նվաճել են 5 ոսկե և մեկական արծաթե և բրոնզե մեդալներ։