Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ–ների ներկայացուցիչների այցը ՀՀ. Արայիկ Հարությունյան

Այս տարեվերջին կամ 2025 թվականի սկզբին նախատեսվում է նաև ամբողջ տարածաշրջանից փորձագիտական տարբեր կենտրոնների ներկայացուցիչների հավաք ՀՀ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերը 2025 թ-ին կրճատվել են 640 մլն դրամով կամ 2.5 տոկոսով։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Ծախսերի այս կրճատումը մեզ թույլ կտա վարժություններ անել մեր գործունեության արդյունավետությունն ավելացնելու համար»,– նշեց Հարությունյանը։
Նա անդրադարձավ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը` նշելով, որ կամ այս տարեվերջին, կամ 2025 թվականի սկզբին ամբողջ տարածաշրջանից փորձագիտական տարբեր կենտրոնների ներկայացուցիչների հավաք կլինի ՀՀ–ում։
Հնարավորություն տեսնում եմ. Հարությունյանը` խաղաղության պայմանագրի կնքման մասին
«Հանդիպման բուն թեման «Խաղաղության խաչմերուկը» չի լինելու, սակայն այս թեման արծարծվելու է։ Առաջիկայում մենք ունենալու ենք նաև իրանցի մեր գործընկերների 4–օրյա փորձագիտական այց Հայաստան, որի ժամանակ ևս քննարկվելու է «Խաղաղության խաչմերուկը»։ Նաև նախատեսում ենք Թուրքիայի մի շարք ԶԼՄ–երի այց, որի ժամանակ նույնպես կներկայացվի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,– ավելացրեց Հարությունյանը։
Նշենք, որ 2025 թ. պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 մլրդ 365 մլն դրամ։