Խուլուհամր կամ կույր դատավոր չի՞ լինում. ՄԻՊ–ը ՍԴ–ում վիճարկում է կառավարության որոշումը

ՀՀ կառավարությունը 2019 թվականի մայիսի 30-ին ընդունել է որոշում` որով հաստատվել է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Սահմանադրական դատարանում վիճարկում է ՀՀ կառավարության որոշումը, որով նախատեսվում է արգելել դատավորի պաշտոնում նշանակել այն անձանց, ովքեր ունեն երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրությունն ու երկու աչքերի կուրություն։ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ դիմումը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյանը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2019 թվականի մայիսի 30-ին ընդունել է որոշում` որով հաստատվել է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը։
«Վիճարկվող կարգավորումները խնդրահարույց են սահմանադրորեն երաշխավորված խտրականության արգելքի սկզբունքի, հանրային ծառայության անցնելու իրավունքի ապահովման տեսանկյունից։ Դատավորների ընտրության և առաջխաղացման գործընթացները պետք է կազմակերպվեն արժանիքների վրա հիմնված օբյեկտիվ չափանիշներով, որոնք վերաբերում են որակավորումներին, բարեխղճությանը, կարողություններին և արդյունավետությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանը հնարավոր է համարում որոշակի հիմքերի սահմանումը, որոնք կարող են նախապայման լինել դատավորի պաշտոնում նշանակվելու համար, սակայն այդ պաշտոնում նշանակմանը խոչընդոտող կարգավորումները չպետք է նախատեսեն աշխատանքի սահմանափակ հասանելիություն՝ կապված հաշմանդամություն ունենալու հանգամանքի հետ։
Դեռ պարզաբանումների ենք սպասում. ՀՀ ՄԻՊ–ը` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի մասին