Վայոց Ձորի մարզի Արենի գյուղը Հայաստանում ու նրա սահմաններից դուրս հայտնի է անմահական գինով։ Այս օրերին գյուղում խաղողի՝ տարվա վերջին բերքահավաքն է։
Արենիում է աճում հենց համանուն «Արենի» էնդեմիկ համարվող խաղողի տեսակը, որից ստացվում է յուրահատուկ համով կարմիր գինի։ Այստեղ դժվար է տուն գտնել, որտեղ խաղող չաճեցնեն ու թեկուզ ընտանիքի համար գինի չպատրաստեն․ ամեն մի ընտանիք էլ գինու իր գաղտնի բաղադրատոմսն ունի։ Ոմանք, օրինակ, «Արենի» խաղողին այլ տեսակ են խառնում համի համար, ոմանք էլ փորձում են ցանկալի արդյունքը ստանալ առանց կողմնակի համերի։
Վերջին տարիներին շատերը փոքրիկ ընտանեկան արտադրամասեր են հիմնել, դրանց էլ կից՝ գինու համտեսի սրահներ։ Այսպիսով գինին Արենիի համար զբոսաշրջային այցեքարտ է դարձել՝ աշխարհի տարբեր կողմերից այստեղ զբոսաշրջիկներ գրավելով տարվա բոլոր ամիսներին։
Sputnik Արմենիայի թիմը խաղողի բերքահավաքի է մասնակցել Նվեր Ղազարյանի այգում, որի ընտանիքը մոտ 40 տարի է՝ խաղող է աճեցնում և գինի պատրաստում։