Հնարավորություն տեսնում եմ. Հարությունյանը` խաղաղության պայմանագրի կնքման մասին

Արայիկ Հարությունյանի խոսքով` տարբեր հարթակներում Ադրբեջանի հետ շփումներն օգուտ են տալիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով` Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածները համաձայնեցնել և խաղաղության պայմանագիր կնքել։ Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մենք նման հնարավորություն տեսնում ենք»,–ասաց Հարությունյանը։
Խոսելով Կազանում կայացած Փաշինյան–Ալիև երկկողմ հանդիպման մասին` վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նման շփումներն օգուտ տալիս են։
«Մենք բոլոր նման հանդիպումները դրական ենք գնահատում և միտված ենք նրան, որ առաջիկայում այն գործընթացները, որ նախաձեռնվել են, և խաղաղության պայմանագրի ստորագրումն իրականություն դառնան»,–ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը, թե ցանկացած խաղաղության պայմանագիր լավ է, երբ կան փոխզիջումներ. չհամաձայնեցված կետերի շուրջ ո՞վ է զիջումների գնալու, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց.
«Երբ զիջումներ են լինում, դրանք արդյունավետ չեն լինում»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` այս պահին խաղաղության պյմանագրի տարբերակները խմբագրված գտնվում են կողմերի մոտ, և երբ նոր խմբագրումներ լինեն ու անհրաժեշտություն լինի նոր հանդիպումների, դրանք կլինեն:
COP– 29-ին ընդառաջ Երևանը պատրաստվո՞ւմ է հրապարակայնորեն Բաքվից գերիների վերադարձ պահանջել
Անդրադառնալով COP-29–ին Հայաստանի հնարավոր մասնակցությանը` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ շատ տարբեր հանգամանքներ կարող են ազդել այդ որոշման վրա, այդ թվում խաղաղության պայմանագրի շրջանակում լուրջ առաջընթացը։
Լրագրողների հարցին` հնարավո՞ր է` մասնակցության նախապայման լինի գերիների վերադարձը, Հարությունյանը նշեց, որ ցանկացած բանակցություններում նախապայմանը լավ տեղ չի տանում։ Բաքուն, այդուհանդերձ, ամեն քայլափոխի նախապայման է առաջ քաշում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն հաստատել էր, որ Հայաստանը ստացել է COP-29–ի մասնակցության հրավեր։ Մամուլում տեղեկություններ կային, որ Արարատ Միրզոյանը որոշակի պայմաններով պատրաստ է մեկնել Բաքու։
COP–29–ի կազմակերպիչները պատրաստ են ցանկացած մակարդակի հյուրեր ընդունել Հայաստանից