ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերը բարձր են, բայց թափուր հաստիքներ ունենք։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի պետական–իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նա վստահեցրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի և հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն այժմ ստանում են գրեթե նույն աշխատավարձը` 600–700 հազար դրամ` կախված ստաժից, դասային աստիճանից։
«Այդ ամենով հանդերձ, մենք դեռևս համալրման խնդիր ունենք` նկատի ունենալով, որ մեր կոմիտեում աշխատանքը շատ ավելի պատասխանատու է ու, հետևաբար, ավելի ծանր, մասնագետները ոչ այդքան մեծ հաճույքով են դիմում։ Մեր կոմիտեն գրեթե 3 տարեկան է, ու այսօր էլ մենք ունենք թափուր հաստիքներ, օպերատիվ անձնակազմում`ավելի շատ»,– նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` անցած տարի իր ղեկավարած կոմիտեի ամենալավ կադրերի արտահոսք եղավ դեպի ՀՀ դատախազություն։