Զուրաբիշվիլին հայտարարել Է Վրաստանի ընտրություններում «հայկական կարուսելի» կիրառման մասին

Վրաստանի նախագահը կարծում է, որ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործի է դրվել քվեարկության կեղծման մեխանիզմը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի խորհրդարանական ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում:
«Այն, ինչ մենք այստեղ անվանում ենք «հայկական կարուսել» (չգիտեմ՝ նրանք (Հայաստանում - խմբ.) դա գուցե անվանում են «վրացական կարուսել»), նշանակում է, որ ընտրություններից առաջ տարբեր պատրվակներով սկսում էին հավաքել նպաստառուների, բանտարկյալների ընտանիքների ID քարտերը։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչու են դա անում», – ասել է Զուրաբիշվիլին։
Ինչպես պարզվեց, դա արվել էր նրա համար, որ նույն քաղաքացին, միայն անձը հաստատող փաստաթղթով, կարող է գնալ տարբեր տեղամասեր և քվեարկել (մինչև 17 անգամ) տարբեր էլեկտրոնային սարքերով, պարզաբանել է Վրաստանի նախագահը:
«Նրանց ձեռքին եղել են մեծ թվով անձը հաստատող վկայականներ կամ վկայականների համարներ», – ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, հավաքել է քվեների 53,93 %-ը: Չորս ընդդիմադիր կուսակցություններ նույնպես անցել են խորհրդարան՝ հավաքելով քվեների 37,78 %-ը։ Ընդդիմությունն արդեն հայտարարել է ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին։
«Վրացական երազանքի» հաղթանակը մնացել է Արևմուտքի կոկորդին. ինչո՞ւ է Օրբանը Թբիլիսի ժամանել
ԵԱՀԿ կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը նշել է ընտրությունների լավ կազմակերպումը՝ հիշատակելով, սակայն, դիտորդների արձանագրած որոշ խախտումներ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, չնայած պետության ղեկավարի կուսակցականության սահմանադրական արգելքին, կոչ է արել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել:
Ավելի վաղ հայտնի ամերիկյան Pro V&V աուդիտորական ընկերությունը (ԱՄՆ-ում համապատասխան հավատարմագրում ունեցող երկու ընկերություններից մեկը) հայտարարել էր, որ Վրաստանում ընտրությունների քվեարկության էլեկտրոնային համակարգը սարքին է եղել, և «կարուսելի» համար անգամ տեխնիկական հնարավորություն չի եղել: