ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը եվրոպական իսթեբլիշմենտի կոկորդին է կանգնել, և Վրաստանում Հունգարիայի վարչապետի առաքելության հիմնական նպատակը ճգնաժամային պահին երկրում իշխող կուսակցությանն աջակցելն էր։ Նման կարծիք է հայտնել լրագրող միջազգայնագետ, բանաստեղծ և գրող Սերգեյ Ստրոկանը «Հատուկ RT-ի համար» նյութում։
Օրբանի համար Վրաստանում իշխող կուսակցության հաջողությունը վկայում է իր վաղեմի այն թեզի մասին, որ ազգային պետությունները, որոնք ԵՄ անդամ են կամ նոր են բռնում եվրաինտեգրման ճանապարհը, չպետք է վճարեն այդ ինտեգրման համար ամենաթանկ բանով, ինչ ունեն` իրենց ինքնիշխանությամբ, նշվում է նյութում։
Հաշվի առնելով, որ Վիկտոր Օրբանը գնաց համաեվրոպական հոսանքի դեմ, Բրյուսելը շտապեց նրան ինքնակոչ անվանել։ Ինչպես հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, «ինչ էլ Օրբանն ասի Թբիլիսիում, նա Եվրամիությունը չի ներկայացնում»։
Իր վրացական դեմարշով Օրբանն առաջին անգամը չէ, որ մարտահրավեր է նետում Բրյուսելին: Այսպիսով, այս ամառ, ի հեճուկս ԵՄ ղեկավարության, նա չհայտարարված այցերով մեկնեց Մոսկվա, Կիև և Պեկին՝ քննարկելու ուկրաինական կարգավորումը։ Այն ժամանակ ճիշտ նույն կերպ նույն Բորելը նրան ինքնակոչ էր անվանում, ով իրավունք չունի ներկայացնելու Եվրամիությունը։
Ստրոկանի կարծիքով՝ այս անգամ Բուդապեշտում պատրաստ են օգտագործել վրացական իրադարձությունները՝ իրենց ռազմավարական խնդիրը լուծելու համար։ Այն է՝ ԵՄ-ի ներսում չավարտված սկզբունքային վեճի շարունակությունն այն մասին, թե որ երկրները և որ առաջնորդները պետք է թելադրեն իրենցը Եվրամիության քաղաքականության մեջ և հետխորհրդային տարածքի երկրների հետ հարաբերություններում։
Նյութի հեղինակը եզրակացնում է, որ «Վրացական երազանքի» հաղթանակը համընկնում է Օրբանի՝ այլընտրանքային եվրոպական օրակարգ իրականացնելու երազանքի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Օրբանը հայտարարել էր, որ Վրաստանը ԵՄ-ի անօգուտ խրատների կարիքը չունի։
Անցած շաբաթ օրը Վրաստանում ընտրում էին խորհրդարանի 150 պատգամավորներին:
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների մոտ 54 տոկոսը։
Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Կոալիցիան` հանուն փոփոխությունների» (գլխավորում է նախագահ Սալոմե Զուրբիշվիլին) – 11,04%;
«Միասնություն - ազգային շարժում» (հիմնադիրն է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին) – 10,16%;
«Ուժեղ Վրաստան» – 8,81%;
«Վրաստանի համար»՝ 7,77%։
Արևմտամետ երեք քաղաքական ուժեր հայտարարել են, որ մանդատներ չեն վերցնի և մտադիր չեն երկխոսել իշխանության հետ։