ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում վարկերի նկատմամբ հսկայական պահանջարկ կա հատկապես շինարարության, հիփոթեքի, սպառողական վարկավորման հատվածում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը` անդրադառնալով այն հարցին, թե ինչու վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար իջեցման ֆոնին չեն իջնում վարկերի տոկոսադրույքները։
«ԿԲ տոկոսադրույքը ունիտար է, այսինքն` այն սպեցիֆիկ չէ կոնկրետ ոլորտների համար։ Եթե կա մեծ պահանջարկ կոնկրետ ապրանքի դեպքում, տոկոսադրույքը չի կարող նվազել, այն իր հետ բերում է գնի բարձրացում»,– ընդգծեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` եթե Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տեկոսադրույքը 9.75 տոկոսից նվազեցրած չլիներ 7.25 տոկոսի, ապա երկրում կլիներ վարկային տոկոսադրույքների էական աճ։
«Մենք տոկոսադրույքը նվազեցրել ենք, սակայն դրան զուգահեռ` երկրում երեք տարի շարունակ բարձր տնտեսական աճով, արտաքին պահանջարկով պայմանավորված հսկայական հետաքրքրություն կա վարկերի նկատմամբ, այդ պատճառով տոկոսադրույքները նվազման միտումներ ցույց չեն տալիս։ Կարող ենք ենթադրել, որ դրանք ապագայում կիջնեն, քանի որ նաև մեր գործողություններով մենք որոշակի ազդակներ ենք տալիս հետագայի համար»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25 %։