Վանաձորում և Իջևանում ֆուտբոլային մարզադաշտեր կկառուցվեն

Պատշաճ ենթակառուցվածքների առկայության դեպքում Հայաստանը Վրաստանի հետ միասին կարող է ընդունել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանությունները մտադիր են ֆուտբոլի մարզադաշտեր կառուցել Վանաձորում և Իջևանում։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նախատեսվում է ՈւԵՖԱ–ի չափանիշներով ֆուտբոլային մարզադաշտեր կառուցել Վանաձորում և Իջևանում»,– ասաց Անդրեասյանը:
Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է Վրաստանի հետ համատեղ անցկացնել 2029 թվականի ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Դա նշանակում է, որ պետք է համապատասխան ենթակառուցվածք ստեղծել։
Բացի այս մարզադաշտերից, նախատեսվում է կառուցել նաև Ազգային մարզադաշտ։ Այն կկառուցվի ապագա Ակադեմիական քաղաքում:
Հիշեցնենք, որ հունիսին Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին հայտարարել էին ՖԻՖԱ-ին համատեղ հայտ ներկայացնելու մտադրության վերաբերյալ՝ 2029 թվականի աշխարհի երիտասարդական (մինչև 20 տարեկանների) առաջնությունը անցկացնելու համար: