ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայում ստեղծվելու է հակաօդային պաշտպանության նոր համակարգ՝ «Պողպատե գմբեթ»: Այս հայտարարությունն արել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հիշեցնելով իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի մասին:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Էրդողանը ելույթ ունեցել է ժանդարմերիային T625 Gökbey ուղղաթիռ փոխանցելու արարողության ժամանակ և նշել, որ սեփական անվտանգության ապահովման տեսակետից Թուրքիան շատ ավելի լավ է հասկանում հակաօդային պաշտպանության համակարգերի կենսական նշանակությունը:
«Մենք պետք է ուժեղացնենք բազմաստիճան ՀՕՊ համակարգերը` բազմաթիվ անհամաչափ սպառնալիքներ չեզոքացնելու նպատակով` ահաբեկիչների ներթափանցումը կանխելուց մինչև թշնամական տարրերի հարձակումներ։ Եթե նրանք (Իսրայելը) ունեն «Երկաթե գմբեթ», մենք կունենանք «Պողպատե գմբեթ»: Մենք կստեղծենք «Պողպատե գմբեթ», նաև կմեծացնենք հեռահար գործողության հրթիռային ներուժը», - ասել է Թուրքիայի նախագահը։
Միևնույն ժամանակ Էրդողանը Թուրքիան անվանել է աշխարհում ԱԹՍ-ների ամենախոշոր արտադրող՝ հայտարարելով, որ 2018 թվականից առ այսօր թուրքական ընկերություններին բաժին է ընկել աշխարհում ԱԹՍ-ների վաճառքի 65%-ը:
Հիշեցնենք` 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի դեմ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր էին կիրառվում։