ՔՊ-ն կանոնադրությունից հանել է «Ուրվագիծը նմանվում է Արարատ լեռան ուրվագծին» բառերը. ԶԼՄ

Փաշինյանը հայտարարում է, որ Արարատ լեռը մերը չէ, չի կարող մեր խորհրդանիշը համարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կանոնադրությունից հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ ՔՊ կուսակցության գլխավոր փաստաթուղթ կամ «սահմանադրություն» համարվող կանոնադրության մեջ կուսակցության սիմվոլ հանդիսացող «ձեռքսեղմում» պատկերը համարվել էր Արարատ լեռան հոմանիշ։
«Եվ ահա, սահմանադրությունից հայանպաստ հոդվածները վերացնելուց հետո իշխող կուսակցության գլխավոր փաստաթղթում խմբագրում է կատարվել և հեռացվել է «Արարատ լեռ» բառակապակցությունը։ Հետաքրքիր է՝ կանոնադրության սույն փոփոխությունը պետական գրանցում ստացե՞լ է պետական ռեգիստրում, թե՞ ՔՊ վարչության վերջին ընտրությունների պես կատարվել է կեղծիքով»-գրում է «Ժողովուրդը»։
Հավելենք՝ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ Արարատ լեռը մերը չէ, չի կարող մեր խորհրդանիշը համարվել, իսկ ինքը մի երկրի վարչապետն է, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է։