ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր Անատոլի Տորկունովը և «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի համահիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՄԳԻՄՕ–ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտական կապերի զարգացումը։ Կողմերն առաջարկել են 2024-2025 թվականների ընթացքում համատեղ իրականացնել մի շարք նախագծեր։ Քննարկվել է մի շարք համատեղ գիտաժողովներ անցկացնելու առաջարկը։
Անատոլի Տորկունովը ներկայացրել է համալսարանի գիտահետազոտական և կրթական գործունեության առանցքային ոլորտները, այդ թվում՝ նորարարական բնագավառները, մասնավորապես՝ ճանաչողական հետազոտությունների և գործնական արևելագիտության ծրագրի մանրամասները։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վիճակի և ընթացիկ միջազգային օրակարգի շուրջ։
Նշենք, որ հայկական պատվիրակությունը Մոսկվա էր ժամանել հոկտեմբերի 28–ին։
Պատվիրակության կազմում են եղել Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը և Քուվեյթում և Հունաստանում նախկին դեսպան, նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության նախկին ղեկավար Ֆադեյ Չարչոլյանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հետազոտական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը, ռեկտորատի խորհրդական Անդրեյ Ռեշետնյակը և Միջազգային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Սուչկովը։