Նման բան չէր եղել ո′չ դրանից առաջ, քանզի Լենինն ու Ստալինը կյանքից հեռացել էին դեռ երկրի առաջնորդ եղած ժամանակ, ո′չ էլ հետո. եթե հիշում եք, Բրեժնևը, Անդրոպովը և Չեռնենկոն մահացան իրենց պարտականությունները կատարելիս։ Իհարկե, 1991-ի դեկտեմբերին հոժարակամ հրաժարական տվեց Գորբաչովը, բայց միայն այն պատճառով, որ պարզապես անհետացել էր այն պետությունը, որը նա գլխավորում էր։ Այնպես որ, Խրուշչովի դեպքը բառիս բուն իմաստով եզակի է։
Խրուշչովի պաշտոնազրկումը նախաձեռնողներից մեկը՝ Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Սեմիչաստնին, իր հուշագրությունում կատարվածն անվանել է «Հոկտեմբերյան փոքր հեղափոխություն»՝ նրբորեն ակնարկելով, որ ի տարբերություն Հոկտեմբերյան մեծ հեղափոխության դա, իհարկե, բռնի գործողություն չէր, բայց մյուս կողմից, մի իրադարձություն էր, որն ուներ հեղաշրջման բոլոր հատկանիշները։
Մեջբերեմ նրա հուշերից. «Նման դեպքերում անմտություն էր գրավոր ապացույցներ թողնելը, ամեն ինչ արվում էր միայն անձնական շփումների միջոցով, երբ դու հնարավորություն ունես նայելու զրուցակցիդ աչքերի մեջ և տեսնելու նրա արձագանքի բոլոր նրբերանգները»։
Այս խոսքերը հաստատում են՝ պաշտոնազրկման կազմակերպիչները հրաշալի հասկանում էին, որ դավադրության մասնակից են, բայց և ամեն ինչ անում էին, որպեսզի չլինի գեթ մի ապացույց, որի հիման իրենց կարողանան մեղադրել ապօրինի գործողությունների մեջ։
Որոշ քաղաքագետներ պնդում են. այս հնարքը՝ չթողնել որևէ ապացույց, հետագայում մեծ հաջողությամբ սկսեց կիրառվել նաև նախկին խորհրդային հանրապետություններում։ Բայց այն ժամանակ՝ 1964-ին, ըստ նույն ԿԳԲ-ի ղեկավարի, շատ ավելի, մեղմ ասած, արմատական միջոցներ էին դիտարկվում։ Երբ Խրուշչովը պատրաստվում էր վերադառնալ Սկանդինավյան երկրներ կատարած ուղևորությունից, Լեոնիդ Բրեժնևն առաջարկեց կանգնեցնել նրա գնացքը Մոսկվայի մոտ գտնվող Զավիդովո կայարանում և ձերբակալել նրան։ Այդ առաջարկը չընդունվեց, բայց Բրեժնևը, ինչպես վկայում է Կոմկուսի կենտկոմի քարտուղար Նիկոլայ Պոդգոռնին, նորանոր տարբերակներ էր առաջ քաշում՝ ավիաաղետ, ավտոմոբիլային վթար, թունավորում և վերջապես՝ պարզապես ձերբակալություն։ Սեմիչաստնին կտրականապես մերժում էր բռնության կիրառումը։
Արդյոք Նիկիտա Խռուշչովը զգո՞ւմ էր, որ իր գլխավերևում սև ամպեր են կուտակվում։ Շատերը պնդում են, որ հենց այդ կասկածներն էին պատճառը, որ Խրուշչովն առաջարկեց ազատել Բրեժնևին ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի նախագահության ղեկավարի պաշտոնից և նշանակել Անաստաս Միկոյանին։ Ինքը՝ Միկոյանը, որն այդպիսով դարձավ երկրի փաստացի ղեկավարը, իր հուշերում Խրուշչովի այն ժամանակվա կասկածների մասին լռում է։ Այնինչ, Բրեժնևն իրոք վախեցած էր։ Թույլ տվեք ևս մի մեջբերում անել Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Սեմիչաստնիի հուշերից.
«Ես զգուշացրի Բրեժնևին. «Հիշե′ք, եթե Խրուշչովն իմանա ճշմարտությունը, նա առաջին հերթին ինձ կհրամայի ձերբակալել ձեզ որպես հակակուսակցական խմբի անդամի։ Եվ ես, Լեոնիդ Իլյի′չ, ստիպված կլինեմ կատարել այդ հրամանը»,- գրել է Սեմիչաստնին՝ ավելացնելով. «Մի անգամ Բրեժնևն ինձ տուն զանգահարեց սովորական հեռախոսով և խնդրեց աշխատանքից առաջ իր մոտ գնալ։ Նա գունատ էր և դողում էր, ձեռքս բռնեց, տարավ սենյակի հեռավոր անկյունն ու ասաց. «Կոլյա′, Խրուշչովն ամեն ինչ գիտի, մեզ բոլորիս կգնդակահարեն»։ Ու արտասվեց։ Ես տարա նրան լոգարան, նա լվացվեց ու կարծես թե հանգստացավ, որովհետև ես համոզեցի նրան, որ ստալինյան ժամանակներն արդեն անցել են, Խրուշչովն էլ նման բանի ընդունակ չի, քանզի ես լավ գիտեմ այդ մարդուն»։
Բայց, այսպես կոչված, «հեղափոխականները» ևս մի լուրջ մտահոգություն ունեին՝ ասենք թե հաջողվեց պաշտոնազրկել Խրուշչովին, ինչպե՞ս պետք է դա ներկայացվեր ժողովրդին։ Չէ՞ որ այնուամենայնիվ այդ մարդը համարձակվել էր բացահայտել ստալինյան ռեժիմի հանցագործությունները, տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ ռեաբիլիտացվել էին, կյանքը գնալով բարելավվում էր, քաղաքացիները բնակարաններ էին ստանում, այսպես կոչված՝ «խրուշչովկաներում», որոնք, իհարկե, փոքր ու անհարմար էին, բայց հո շատ ավելի լավն էին, քան կոմունալ բնակարանները, որոնցում միանգամից մի քանի ընտանիք էր ապրում։
Այո′, կային նաև ծայրահեղություններ՝ զանգվածաբար եգիպտացորեն ցանել, փակել Գիտությունների ակադեմիան, բայց չէ՞ որ սկսվել էր նաև «ձնհալը», Յուրի Գագարինը առաջինը թռավ տիեզերք…
Ի վերջո աշխատեց այն տարբերակը, որը միշտ ամենահարմարն է բոլորի համար։ «Հարգելի′ ընկերներ։ Հաշվի առնելով տարիքս և առողջական վիճակս, խնդրում եմ ազատել ինձ Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի, Գերագույն խորհրդի նախագահության անդամի և Նախարարների խորհրդի ղեկավարի պաշտոնից»։
Նիկիտա Խրուշչովին թույլ չտվեցին այս գրությունն ընթերցել կուսակցական պլենումում, այն պարզապես կցեցին սղագրված նյութերին։