ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ, կաթի փոշու ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերությունը պետական բյուջե չի վճարել 304 մլն դրամ հարկային պարտավորություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՍՊԸ–ն թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը, հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում մտցրել շրջանառության իրական ծավալներին չհամապատասխանող խեղաթյուրված տվյալներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս։
Նախաքննության ընթացքում ընկերության հիմնադիր-տնօրենի և գանձապահի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափի հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ չվճարելը)։
Ընկերության հիմնադիր-տնօրենի նկատմամբ, դատարանի որոշմամբ, խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված ՍՊ ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջե է վերականգնվել 100.000.000 դրամ։