ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Եվրամիությունում դեռ չեն կարող հայտնել, թե արդյոք եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կմեկնի՞ Վրաստան՝ «աջակցելու ժողովրդավարական ընդդիմությանը»։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլյա Մասրալին։
«Մենք դեռ չենք կարող որևէ բան հայտնել այն մասին, թե արդյոք Ժոզեպ Բորելը կմեկնի՞ Վրաստան, թե՞ ոչ․ առայժմ Վրաստան նրա այցի մասին որևէ տեղեկություն չկա», - ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին: ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, հավաքել է ձայների 53,93 %-ը: Չորս ընդդիմադիր կուսակցություններ նույնպես անցել են խորհրդարան ՝ ընդհանուր հավաքելով 37,78 %։
Ընդդիմությունն արդեն հայտարարել է ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին:
ԵԱՀԿ կարճաժամկետ առաքելության հատուկ համակարգող Պասկալ Ալիզարը նշել է ընտրությունների լավ կազմակերպման մասին՝ հիշատակելով, սակայն, դիտորդների արձանագրած որոշ խախտումներ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որն աջակցում է եվրոպամետ ընդդիմությանը, չնայած պետության ղեկավարի կուսակցականության սահմանադրական արգելքին, կոչ է արել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր անցկացնել:
Ավելի վաղ հայտնի ամերիկյան Pro V&V աուդիտորական ընկերությունը (ԱՄՆ-ում համապատասխան հավատարմագրում ունեցող երկու ընկերություններից մեկը) հայտարարել էր, որ Վրաստանում ընտրությունների քվեարկության էլեկտրոնային համակարգը սարքին է եղել, և «կարուսելի» համար անգամ տեխնիկական հնարավորություն չի եղել: