ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբդեռ պարզաբանումների է սպասում իրավասու պետական մարմիններից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով` ՄԻՊ գրասենյակում հարցի քննարկումը դեռևս չեն ավարտել, քանի որ միայն համապատասխան պարզաբանումներ ստանալուց հետո կարող են հարցի վերաբերյալ ընդհանուր պատկերացում ձևավորել։
«Բայց անկախ հարցի քննարկման ավարտից` երեխայի լավագույն շահին պետք է բոլոր իրավասու մարմինները շատ մեծ ուշադրություն դարձնեն և դա առանցքային համարեն։ Երբ արդեն ունենանք պարզաբանումները, կփորձենք հասկանալ իրավիճակը, և եթե ունենանք ամբողջական պատկեր, բնականաբար հրապարակային հայտարարությամբ հանդես կգանք»,–ասաց նա։
Նրա խոսքով` երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ամենագլոբալ խնդիրն այն է, որ ՀՀ պետական մարմինները ընդհանրապես չունեն երեխաների հետ շփման պատշաճ մեթոդաբանություն և երեխաների հետ խնդիրները հասցեավորելու զգայություն։
«Դա լրացուցիչ հմտություններ է ենթադրում։ Ես դա հայտնել եմ բոլոր պետական մարմիններին, որովհետև մենք տեսնում ենք ընդամենը դեպքեր, որոնք հանրային հնչեղություն են ստանում։ Պատկերացրեք` ինչ քանակությամբ դեպքեր կան, որ հրապարակային չեն։ Դրանց թիվը շատ մեծ է»,–ասաց Մանասյանը։
Նա ընդգծեց, որ պետական մարմինները պետք է զարգացնեն իրենց հմտությունները երեխաների հետ շփումների և երեխայի լավագույն շահը հաշվի առնելու դիտանկյունից։
Հիշեցնենք` հոկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, ուսուցիչներից մեկին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ուսուցչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Ուսուցիչը կալանավորվել է, ԱԱԾ–ն ուսումնասիրում է դպրոցում տեղի ունեցած միջադեպը։