ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում, որի արգելափակման մասին հայտնի է դարձել անցած գիշեր, ապաարգելափակվել է։
Ավելի վաղ Խամենեին եբրայերեն հաղորդագրություն էր հրապարակել ու հայտարարել, որ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարձակվելով Իրանի վրա, ու ակնարկել Էր Թեհրանի հնարավոր պատասխանի մասին: Որոշ ժամանակ անց հաշիվն արգելափակվել էր։
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանում գտնվող ռազմական օբյեկտներին:
Իրանն իր հերթին հայտարարեց, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ հատվածներում սահմանափակ վնաս են կրել:
Ըստ իրանական լրատվամիջոցների` Իսրայելի հարձակման հետևանքով 4 իրանցի զինվորական ու մեկ քաղաքացիական անձ է զոհվել։