ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. ՀՕՊ-ի հերթապահ միջոցները մեկ ժամվա ընթացքում 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել ՌԴ 3 մարզերի օդային տարածքում, հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։
«Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18.30-19.30 ժամանակահատվածում, կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 8-ը՝ Կուրսկի, 6-ը՝ Բրյանսկի և 1-ը՝ Օրյոլի մարզերի օդային տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով պարբերաբար գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի տարածաշրջանները:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։