ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեկնածուների նոր ցուցակ է հաստատել։ Այդ մասին նա այսօր որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների նոր ցուցակը հետևյալ կազմով` Վահե Գրիգորյան, Նորա Կարապետյան, Աննա Մարգարյան»,– նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր մեկ այլ ցանկ, որտեղ միակ տարբերությունն այն էր, որ Աննա Մարգարյանի փոխարեն արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանի անունն էր։
Հիշեցնենք նաև՝ 2023 թվականին Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով, որն ընտրելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մեր երկիրը ներկայացնող դատավորին։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԲԴԽ նախագահը, Վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, մարդու իրավունքների պաշտպանը, արդարադատության նախարարը, իրավական հարցերով միջազգային ներկայացուցիչը և մի շարք այլ անձինք:
Հայաստանի առաջին դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատել է 2003-2014 թվականներին: 2015 թվականից մինչ օրս (9 տարի ժամկետով) աշխատող դատավորի` նախկին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին: