ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների ընդլայնման հնարավոր առաջարկները։ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա հիշեցրել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, քանի որ դրանք դադարեցրել է Վրաստանի նախկին ղեկավարությունը: Սակայն երկու երկրների տարածքում ներկայացուցչություններ են գործում Շվեյցարիայի դեսպանատանը կից։ ՌԴ դիվանագետներն այդ կարգավիճակով են աշխատում Թբիլիսիում։
«Նրանք նպաստում են կապերի զարգացմանը, այդ թվում՝ առևտրատնտեսական, որոնք իսկապես վերելք են ապրում, զբոսաշրջությունը զարգանում է»,-նշել է Լավրովը:
Նա հավելել է, որ ռուս դիվանագետներն ի հայտ եկող հարցերն իհարկե քննարկում են վրացական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
«Եթե մեր վրացի հարևանների կողմից շփումների վերաբերյալ լրացուցիչ առաջարկներ լինեն, մենք դրանք կդիտարկենք։ Մենք երբեք շփումներից չենք հեռացել», - հայտարարել է Լավրովը։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ծրագրեր չունի: Կոբախիձեն նշել էր, որ Մոսկվայի հետ դիվանագիտական բանակցությունների հնարավորություն կա, և այն ուրվագծվում է: Սակայն, նրա խոսքով, Թբիլիսիի համար առաջնահերթ է մնում եվրոպական ինտեգրացիան և ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորումը: