ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Եթե սահմանազատման գործընթացը լինի շարունակական, ապա ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի կարծիքով` ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այդ մասին նա հայտարարեց Ազգային ժողովի բակում ճեպազրույցի ժամանակ։
«Սահմանազատման գործընթաց է տեղի ունենում, վերջերս էլ թե Հայաստանում, թե Ադրբեջանում վավերացվեց, ստորագրվեց հանձնաժողովների կանոնակագը։ Եթե սահմանազատման գործընթացը լինի շարունակական, ապա կարծում եմ` արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան ՀՀ ինքնիշխան տարածքից»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 17 գերիների։