ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իրաքը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին և ԱԽ–ին բողոքի նոտա է հղել իսրայելական ինքնաթիռների թռիչքի հետ կապված, որոնք թռել են Իրանի վրա հարձակվելու։ Այս մասին, INA-ի փոխանցմամբ, ասվում է Իրաքի կառավարության ներկայացուցչի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իրանի ԶՈւ ԳՇ–ն հայտարարել էր, որ Իսրայելը Իրանի տարածքին հարված հասցնելու համար օգտագործել է Իրաքի տարածքը։
«Իրաքը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին և ԱԽ–ին պաշտոնապես բողոքի նոտա է հղել` դատապարտելով սիոնիստների կողմից Իրաքի օդային տարածքի և ինքնիշխանության դեմ կատարված կոպտագույն խախտումը, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին Իրանի վրա հարձակվելու համար Իրաքի օդային տարածքի օգտագործումը», – նշվում է հաղորդագրության մեջ:
Կառավարությունում հայտարարել են, որ Իրաքը թույլ չի տալիս օգտագործել իր օդային և ցամաքային տարածքը այլ երկրների վրա հարձակվելու համար, հատկապես եթե դրանք հարևան երկրներն են, որոնց հետ Բաղդադը բարեկամական հարաբերություններ ունի։
Վարչապետ Մուհամմեդ Շիաա ալ–Սուդանին ԱԳՆ–ին հանձնարարել է կապ հաստատել ԱՄՆ–ի հետ՝ այդ խախտման հետ կապված։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հոկտեմբերի 26-ի լույս գիշերը հայտարարեց` հոկտեմբերի 1-ին Իսրայելի վրա հարձակմանն ի պատասխան Իրանում ռազմական օբյեկտներին հարված հասցնելու մասին։ CBS News հեռուստաալիքը` հղում անելով իր աղբյուրին հայտնել էր, որ իսրայելական գրոհն Իրանի դեմ սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։ Միևնույն ժամանակ, Իրանի ՀՕՊ ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ «հարձակումը հաջողությամբ որսացել և հետ է մղել երկրի ՀՕՊ ինտեգրված համակարգը», որոշ տեղերում վնաս է հասցվել։ ԶԼՄ–ների տվյալներով` գրոհի հետևանքով իրանցի 4 զինվորական է զոհվել։