Իսրայելի հարվածի հետևանքով Իրանի կորուստներն աննշան են. պաշտպանության նախարար

րանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն. Արխիվային լուսանկար
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունն արդեն փոխհատուցել է կրած վնասը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելական հարվածներից Իրանի կրած վնասներն աննշան են։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է IRNA-ն։
«Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի հետևանքով մեզ հասցված վնասներն աննշան են, և արդեն լրացել ու փոխարինել ենք անհրաժեշտ ամեն ինչով՝ օգտագործելով մեր գիտելիքներն ու կարողությունները», - ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Իսրայելը խախտել է բոլոր միջազգային օրենքները, որոնք ստեղծվել են Մարդու իրավունքների պաշտպանության և արդարության ապահովման համար:
Ավելի վաղ Իրանի ուղղությամբ իսրայելական հարվածները դատապարտել էր Հայաստանի ԱԳՆ-ն:
Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումների, հոկտեմբերի 26-ի գիշերը հարվածել է Իրանում ռազմական օբյեկտներին: CBS News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա: Միևնույն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության համակարգով, որոշ տեղերի հասցվել է սահմանափակ վնաս: Հարձակման հետևանքով զոհվել է 4 իրանցի զինվորական։