Իրանի սահմանին ՌԴ–ի հետ համատեղ ծառայության շուրջ քննարկումներ են ընթանում. ՀՀ ԱԱԾ տնօրեն

2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան–Իրան և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայ–իրանական սահմանին ՌԴ սահմանապահների հետ համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին քննարկումներ են ընթանում։ ԱԺ բակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը։
«Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025 թվականի հունվարի 1–ից «Ագարակ» սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացնեն ՀՀ սահմանապահ զորքերը»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8–ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն` 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան–Իրան և Հայաստան–Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան–Իրան պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը։
ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման:
2024 թ. օգոստոսի 1-ին ռուսական կողմը պաշտոնապես դադարեցրեց ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ համապատասխան դիմումն է։