ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ–ում գրանցված հանցագործությունների թիվը 2024 թվականի 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.8 տոկոսով կամ 1413 դեպքով։ Ազգային ժողովում այս տվյալները ներկայացրեց ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է հանցագործության 28 269 դեպք։
«Հատկանշական է, որ գրանցված դեպքերի հիմնական բաժինը ընկնում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններին։ Եթե հաշվի առնենք համաշխարհային պրակտիկան, ապա ՀՀ–ն շատ լավ դիրքերում է, որովհետև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կշիռը ընդհանուր հանցավորության մակարդակի մեջ կազմում է շատ փոքր տոկոսայնություն»,– ասաց Սարգսյանը։
Նախարարը միաժամանակ ընդգծեց` սա ամենևին չի նշանակում, որ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում անելիք չկա։
ՆԳՆ–ի տվյալներով` 9 ամիսների հաշվարկով նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով տուժածների ու մահացածների թիվը։