ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը 2 շաբաթում ավելացել է 202-ով։ Այդ մասին են վկայում ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալները, որոնք Ազգային ժողովում ներկայացրեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 10–ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն էր ստացել 3431 անձ։
«Քաղաքացիության համար այս պահին դիմել է շուրջ 5600 անձ, որնցից քաղաքացիություն է շնորհվել 3611–ին։ Այս թիվը աճի միտում ունի` հաշվի առնելով կառավարության կողմից վարվող քաղաքացիությունը»,– ասաց Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 113 հազար 635 անձ, իսկ հաշվառվել են 99 091-ը։
Ոլորտի պատասխանատուները նշում են՝ սկզբնական շրջանում ՀՀ քաղաքացիության համար դիմելիությունը բավականին ցածր էր՝ օրական 5-10 անձ։
Կառավարության կողմից բնակարանային ապահովման ծրագրի մշակումից հետո դիմելիությունը բարձրացել է՝ օրական միջինը 50-80 դիմում։
Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու համար պարտադիր պահանջ է ՀՀ քաղաքացիություն ունենալը։
Ըստ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի` պոտենցիալ շահառուները նախնական հաշվարկով 25 000 ընտանիքներ են։ Վերջնական թիվը պետք է ճշգրտվի ծրագրի իրականացման ընթացքում` ըստ ստացված դիմումների քանակի։
Ծրագրի շահառու դառնալու համար արցախցիները պետք է հայտ ներկայացնեն, որից հետո շահառու ընտանիքին պետք է բնակարանի գնման հավաստագիր հատկացվի ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով` 3-5 մլն դրամի չափով` կախված բնակարանի կամ տան գտնվելու տարածքում գույքի շուկայական արժեքից։