ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ՆԳՆ առաջարկում է տեսախցիկներով հետևել ոչ միայն ավտոմեքենաների արագության գերազանցմանը, այլև մեքենայի սրահում տեղի ունեցող խախտումներին։ 2025 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
ՆԳՆ-ն նախատեսում է համապատասխան առաջարկություն ներկայացնել և քննարկել դրա իրականացման ժամկետները:
Սարգսյանի խոսքով` նոր համակարգը, բացի ամրագոտիներից, կկարողանա ֆիքսել ծխելը և վարելու ընթացքում հեռախոսով խոսելը։
«Մենք չենք շտապում ներդնել համակարգը, որպեսզի քաղաքացիները կարողանան այս փոփոխություններին առանց սթրեսի հարմարվել», - ավելացրեց նա:
Իշխանությունները նախատեսում են նաև առաջիկայում վարորդներին պարտավորեցնել մեքենաներում տեղադրել մանկական նստարաններ (carseat ): Ըստ Սարգսյանի` չնայած նրան, որ Հայաստանում ավտոմեքենաների մեծ մասը հնացած է, և շատ մեքենաներում նման նստարաններ չկան, սակայն ծնողները, այնուամենայնիվ, ստիպված կլինեն ձեռք բերել համապատասխան հարմարանքներ, քանի որ երեխաների անվտանգությունն ավելի կարևոր է, քան նյութական դժվարությունները։