Գյումրու քաղաքապետը դեռ հրաժարական չի տվել

Աշխատակազմից հայտնեցին, որ ժամերի ընթացքում, չի բացառվում, որ ինչ որ բան կարող է փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik․ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական չի տվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքապետարանի աշխատակազմից։
«Այս պահի դրությամբ քաղաքապետը շարունակում է մնալ իր պաշտոնում, սակայն ժամերի ընթացքում չի բացառվում, որ ինչ-որ բան կփոխվի»,– հայտնեցին աշխատակազմից։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրում էին, որ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ Տեղեկատվություն կար, թե Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամներն այսօր նույնպես վայր կդնեն մանդատները։
Նշենք, որ 2021 թվականին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարեցին 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը միանձնյա քաղաքային իշխանություն ձևավորել չէր կարող, քանի որ ստացած քվեների համաձայն` ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժի բաժին չէր հասել։ Այդ պատճառով էլ ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր ստորագրեցին։
Վարդգես Սամսոնյանը քաղաքապետի պարտականությունները ստանձնեց 2021 թ. նոյեմբերի 4-ին։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրու քաղաքապետի հրաժարականի հարցը քննարկվում էր դեռ ամիսներ առաջ, քանի որ իշխող կուսակցությունը ուզում է միանձնյա ղեկավարել քաղաքը ու դրա համար ցանկանում էր գնալ արտահերթ ընտրությունների. ՔՊ-ն իր թեկնածուն ունի՝ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։