Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովներում այսօրվանից մեկնարկել են 2025 թվականի պետական բյուջեի մասին նախագծի նախնական քննարկումները։
Ըստ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ հաջորդ տարվա բյուջեի կապիտալ ծախսերի 55․8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ «Ոլորտի ծախսերը կկազմեն 664․7 միլիարդ դրամ, որը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականին պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը»․-մանրամասնել է ֆինանսների նախարարը։
Բացի այդ, այս տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանում վարձու աշխատողների թիվն ավելացել է 4․9 տոկոսով, նույն չափով էլ նվազել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը, արձանագրել է նախարարը։ Բացի այդ, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 6․9 տոկոսով նվազել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը, ինչն, ըստ Վահե Հովհաննիսյանի՝ պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջիկների այցերի քանակի նվազմամբ։
Ֆինանսների նախարարն անդրադարձել է նաև տնտեսական աճի ցուցանիշներին։ «2025 թվականի համար նախատեսված 5․6 տոկոս տնտեսական աճը բավականին բարձր ցուցանիշ է»․-ընդգծել է նախարար Հովհաննիսյանը։