ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է երկրի տարածքում հնարավոր հեռահար հարվածներին պատասխանելու տարբերակները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Պուտինն ընդգծել է, որ նման հարձակումները տեխնիկապես կարող են իրականացվել միայն անմիջականորեն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողների կողմից, այլ ոչ թե Ուկրաինայի:
«Մենք պետք է դրան համարժեք արձագանքենք։ Ինչպես, երբ, կոնկրետ որտեղ՝ այդ մասին դեռ վաղ է խոսել։ Իհարկե, ռազմական գերատեսչությունը մտածում է այդ մասին և կառաջարկի իր տարբերակները», - նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն քննարկում է ոչ միայն Կիևին հեռահար զենքի մատակարարումը, այլև ուկրաինական հակամարտությունում հնարավոր ուղղակի ներգրավումը, ինչը, ՌԴ առաջնորդի կարծիքով, կարող է փոխել դրա բնույթը և ստեղծել սպառնալիքներ, որոնք պատասխան միջոցներ են պահանջում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ նման մատակարարումների հետևանքների մասին Պուտինի հայտարարությունները շատ պարզ էին:
Ռուսաստանն Ուկրաինային զենքի մատակարարումները դիտարկում է որպես սպառնալիք, որն ուղղակիորեն ներքաշում է ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության մեջ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի համար ռազմական օգնությամբ ցանկացած բեռ Ռուսաստանի համար կդառնա լեգիտիմ թիրախ: