ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Իրանի պաշտոնատար անձինք կորոշեն նախօրեին Իսրայելի կողմից իրանական տարածքի վրա իրականացված հարձակման պատասխանի ձևը: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Իսրայելը հոկտեմբերի լույս 26-ի գիշերն օդային հարձակում է գործել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա՝ ի պատասխան իրանցիների կողմից իրականացված զանգվածային հրթիռակոծության, որոնք իրենց գործողություններն անվանել էին ինքնապաշտպանության ակտ և ՀԱՄԱՍ ու «Հզբոլլահ» շարժումների առաջնորդների ոչնչացման պատասխան:
«Երկու գիշեր առաջ իսրայելական ռեժիմի կատարած չարագործությունը պետք չէ ո՛չ չափազանցնել, ոչ էլ նսեմացնել․.. Թե ինչպես իրանական ազգի ուժն ու կամքը կհասցվի իսրայելական ռեժիմին, կորոշեն պաշտոնյաները․ պետք է արվի այն, ինչը համապատասխանում է ազգի և երկրի շահերին», - Խամենեիի խոսքը մեջբերում է Nour News գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցրել՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին ի պատասխան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և ուղղված չի եղել միջուկային կամ նավթային օբյեկտներին: Միևնույն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ օբյեկտների հասցվել է սահմանափակ վնաս: