ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը՝ հոկտեմբերի 28-ին նիստ կգումարի Իրանի վրա Իսրայելի պատասխան հարվածների առիթով, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցչությանը։
Նշենք, որ ավելի վաղ Իրանը խնդրել էր Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ նշելով, որ Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը՝ երկրի տարածքին ուղղակի հարվածներ հասցնելով։
«Անվտանգության խորհրդին ուղղված նամակում ՄԱԿ-ում Իրանի մշտական առաքելությունը նշել է, որ Իսրայելի գործողությունները պարունակում են Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ լուրջ խախտում, ինչպես նաև միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում»,-նշում է լրատվամիջոցը։
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն իր հերթին ասել է, որ Իրանի խնդրանքը Իսրայելին վնասելու հերթական փորձն է, այս անգամ քաղաքական ասպարեզում` խոստանալով պաշտպանել Իսրայելի իրավունքները:
Դանոնը «ծիծաղելի» է անվանել այն պնդումները, թե Իսրայելը խախտել է միջազգային իրավունքը։
«Քանի դեռ Իրանը շարունակում է սպառնալ և փորձել վնասել մեզ, նա կվճարի դրա համար», - ասել է Դանոնը:
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի լույս 26-ի գիշերը Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցրել՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին ի պատասխան: CBS News հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և ուղղված չի եղել միջուկային կամ նավթային օբյեկտներին: Միևնույն ժամանակ, Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ օբյեկտների հասցվել է սահմանափակ վնաս: