ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Լիբանանի տարածքից «Հզբոլլահի» արձակած անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով Իսրայելի հյուսիսում երկու մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Իսրայելի շտապ օգնության ծառայությունը (MDA):
«MDA-ի բժիշկներն օգնություն են ցուցաբերում երկու տուժածի՝ միջին ծանրության վիճակում գտնվող 61-ամյա տղամարդու՝ մարմնի վերին մասի վնասվածքով և թեթև վիճակում գտնվող 31-ամյա տղամարդու՝ ձեռքի բեկորային վնասվածքով», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՑԱԽԱԼ-ը ևս հայտնել է Իսրայելի հյուսիսի Բար-Լև արդյունաբերական գոտում Լիբանանից արձակված ԱԹՍ-ի ընկնելու մասին՝ նշելով, որ միջադեպը հետաքննվում է:
Տարածաշրջանում իրավիճակի հերթական լարումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ, շուրջ 3 հազար քաղաքացիներ վիրավորվել են: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիա դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի օդուժի «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։