ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանում բնակվող Վրաստանի 72 քաղաքացի մասնակցել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
«Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ուներ Հայաստանում բնակվող Վրաստանի 919 քաղաքացի», - հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ն:
Հայաստանի ընտրողների ավելի քան 50%-ը քվեարկել է իշխող «Վրացական երազանքի» օգտին։
Երևանում Վրատանի դեսպանատանը քվեարկած 72 քաղաքացիներից 43-ը նախապատվությունը տվել է իշխող կուսակցությանը։
Հիշեցնենք, որ ընտրատեղամասը բացվել էր Երևանում Վրաստանի դեսպանատանը կից։ Նոր կանոնների համաձայն` արտասահմանում գտնվող Վրաստանի բոլոր քաղաքացիները հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար մինչև հոկտեմբերի 7-ը պետք է գրանցվեին իրենց երկրների վրացական դիվանագիտական ներկայացուցչություններում:
Վրաստանի խորհրդարանի ընտրությունների արդյունքներով` տեղամասերի 99%-ի տվյալների հաշվարկից հետո, իշխող «Վրացական երազանքը» հավաքել է քվեների մոտ 54,2 %-ը: Ընդդիմադիր հետևյալ ուժերը հաղթահարել են 5%-ի շեմը՝ «Փոփոխությունների կոալիցիա» (Սալոմե Զուրաբիշվիլի)՝ 11,2 %, «Միասնություն՝ ազգային շարժում» (Միխեիլ Սաակաշվիլի)՝ 9,8 %, «Ուժեղ Վրաստան «(4 քաղաքական ուժերի դաշինք)՝ 9 % և «Գախարիան՝ հանուն Վրաստանի» (Վրաստանի նախկին վարչապետի կուսակցություն)՝ 8,2 % քվեներ: Ընդդիմությունը, սակայն, չի ընդունել արդյունքները և մտադիր է բողոքի ակցիաներ սկսել։