ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կողմ է հայ-ադբեջանական սահմանազատման գործընթացին, քանի որ ստեղծված իրավիճակում այլ ելք չի տեսնում։ Այս մասին նա հայտարարեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի արարողության ժամանակ։
«Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։ 20 տարի ադրբեջանցիները ժամանակակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղվում»,-ասաց Միքայելյանը։
Նա ընդգծեց, որ երկրապահները միշտ էլ իշխանության կողքին են եղել և չեն փորձի «քաղաքական խաղեր տալ»։
Միքայելյանի խոսքով՝ սահմանազատումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ազատ և անկախ պետություն դառնա, մի բան, որ այսքան տարի, ըստ նրա, չենք ունեցել։
Ինչ վերաբերում է Արցախյան խնդրին, Միքայելյանը նշեց, որ ինքը երբեք հույսը չի կտրել Ղարաբաղից։
«Միջազգային ատյաններում այդ հարցը դրված է, դիվանագետները զբաղվում են, որ Ղարաբաղի ժողովուրդը վերադառնա Ղարաբաղ»։
Հիշեցնենք` 2024 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական հանձնաժողովները պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից (Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր հատվածներում):
Մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը 1976 թվականի քարտեզների հիման վրա սահմանազատում իրականացնելու մասին արձանագրություն-նկարագրություն ստորագրեցին:
Դրանից հետո փաստացի 4 գյուղ անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կիրանցում ադրբեջանական կողմին փոխանցվեց 30 անձի պատկանող 54 անշարժ գույք, որոնք բոլորը Կադաստրի կոմիտեի վկայականներ ունեին:
Հայաստանի սահմանապահ զորքերը մայիսի 24–ին պաշտոնապես ստանձնեցին Տավուշի մարզի սահմանային հատվածների՝ Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը: