ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի խորհրդարանական ընտրություններին վերջնական մասնակցությունը ժամը 20:00-ի դրությամբ կազմել է 58,94%, քվեարկել է 2 060 412 մարդ, այսպիսին են ԿԸՀ–ի նախնական տվյալները:
Վրաստանում ընտրություններն անցել են հանգիստ և անվտանգ, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Exit poll-ի արդյունքները տարբեր են: Միաժամանակ հաղթանակ են տոնում բոլորը՝ թե՛ իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմադիր ուժերը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին պաշտոնական տվյալները դեռ չեն հրապարակվում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նախքան Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումը, շնորհավորել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը «շշմեցնող» հաղթանակի կապակցությամբ:
Խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա: