ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Վրաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը տեղական ժամանակով ժամը 15:00-ի դրությամբ (համընկնում է Երևանի հետ) կազմել է 41,62%: ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 15: 00-ի դրությամբ քվեարկել է ավելի քան 1,4 միլիոն մարդ:
Նշենք, որ 2020-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողների ակտիվությունը նույն ժամանակահատվածում կազմել է 36,45%։
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա: