Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունները լրջորեն կազդեն ՀՀ արտաքին քաղաքականության վրա. փորձագետ

Քաղաքագետն այն կարծիքին է, որ եթե Վրաստանում վերարտադրվի գործող իշխանությունը, իսկ ԱՄՆ–ում իշխանությունը վերցնեն նախկինները, դա լուրջ վերադասավորումների կբերի ողջ տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի այսօրվա ընտրություններում որոշվելու է` արդյոք Հայաստանը երբևէ ընդհանուր սահման կունենա ԵՄ–ի հետ, թե ոչ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ նրա` այսօր Վրաստանում, իսկ նոյեմբերի 5–ին` ԱՄՆ–ում կայանալիք ընտրությունները տոտալ ազդեցություն են ունենալու ՀՀ արտաքին քաղաքականության վրա:

«Եթե Վրաստանում վերարտադրվում են գործող իշխանությունները, իսկ ԱՄՆ–ում իշխանությունը վերցնում են նախկինները, դա լուրջ վերադասավորումների է բերելու ողջ տարածաշրջանում»,– գրել է նա:

Քաղաքագետի խոսքով` ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեր տարածաշրջանով պասիվ է զբաղվելու։ Ըստ նրա` մանավանդ Վրաստանում իշխանության հաղթանակի պարագայում, այս հանգամանքն էապես բարձրացնելու է ՌԴ հնարավորություններն առավել ակտիվ գործելու Հարավային Կովկասում:
Քվեաթերթիկների լցոնումներ Մառնեուլում․ իշխող ուժը տեղի ունեցածը սաբոտաժ է անվանել
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրությունները երկրում ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա:
Վրաստանի մի շարք տեղամասերում ընտրողները ծեծել են իրար