ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Վրաստանի որոշ ընտատեղամասերում տեսախցիկներ չկան, ինչը կարող է հանգեցնել սադրանքների, ավելորդ լարվածության։ Այսմասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Արծվիկ Մինասյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա և ևս երեք պատգամավորներ` ՔՊ–ական Դավիթ Դանիելյանը, Դավիթ Կարապետյանը և «Պատիվ ունեմ»–ից Տիգրան Աբրահամյանը մեկնել են Վրաստան` դիտարկելու խորհրդարանական ընտրությունները։
Հայ պատգամավորները հիմնականում եղել են Մցխեթայի և Թբիլիսիի մի շարք ընտրատեղամասերում, որտեղ ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է եղել, թեև արձանագրել են մի շարք խնդիրներ։ Ընտրությունների ընթացքին հետևող միջազգային դիտորդներ ևս կան։
«Ոստիկաններ ընտրատեղամասերում ընդհանրապես չկան։ Չկան նաև տեսախցիկներ, ինչը կարող է առանձին դրվագներով հանգեցնել լրացուցիչ սադրանքների։ Ընտրական իրավունքի իրացման խախտումներ չենք հայտնաբերել. ընտրատեղամասերից դուրս որոշ լարվածություններ կարող են նկատվել, թեև այն տեղամասերում, որտեղ եղել ենք, ծեծկռտուք, լարվածություն չենք նկատել»,– նշեց Մինասյանը։
Նրա խոսքով` եղել են նաև տեխնիկական որոշ թերություններ. հանձնաժողովի անդամները, նրա դիտարկմամբ, լիարժեք չեն տիրապետել օրենսդրության պահանջներին` մի մասը անձնագրերի, մյուս մասը` տեխնիկական սարքավորումների կիրառման` հատկապես սկանավորման հետ կապված։
«Այդ առումով միայն կարող են անհարկի հերթեր գոյանալ»,– նշեց Մինասյանը։
ՀՀ ԱԺ պատգամավորի դիտարկմամբ` ակնհայտորեն երևում է, որ ընտրություններին մասնակցության ակտիվությունը մեծ է։ Նա նշում է, որ դիտարկման ընթացքում հանդիպել են նաև հայ ընտրողների, որոնք շատ կարևոր են համարում այս ընտրությունների ելքը։
«Մեզ հետ զրույցում նրանք արձանագրում են, որ լարվածություն կա։ Նրանք այն կարծիքին են, որ սա Վրաստանի ապագայի ընտրություն է և կողմնակից են հավասարակշռված քաղաքականության»,– նշեց Մինասյանը։
Նշենք, որ Վրաստանի ԿԸՀ տվյալներով` խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 17:00–ի դրությամբ կազմել է 50,6 %, քվեարկել է 1 մլն 768 հազար 816 մարդ։
Հիշեցնենք` Վրաստանի խորհրդարանական ընտրություններն ընթանում են համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։ Ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությունը կարող է ներկայացնել վարչապետի թեկնածու: Կառավարության ղեկավարի և կառավարության կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորից 76-ի աջակցությունը:
Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության, որը հանդես է գալիս ՌԴ-ի հետ հարաբերությունների պահպանման և հակառուսական պատժամիջոցների դեմ, և ընդդիմադիր կուսակցությունների միջև, որոնք ֆինանսավորվում են արևմտյան դրամաշնորհների հաշվին: Եթե չորս հիմնական ընդդիմադիր կուսակցություններն ընդհանուր առմամբ հավաքեն ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին, նրանք կարող են ազդել կառավարության ձևավորման վրա: