ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը միտված է պայքարելու միգրանտների կողմից կեղծ ամուսնությունների օգտագործման դեմ՝ Ռուսաստանում օրինական հաստատման նպատակով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման պորտալում։
Օրինագիծը Պետդումա է ներկայացվել անցյալ տարվա նոյեմբերին։ Դրա հեղինակներն են սենատորներ Անդրեյ Կլիշասը, Իրինա Ռուկավիշնիկովան և Յուրի Վալյաևը, ինչպես նաև Պետդումայի պատգամավոր Վիկտոր Վոդոլացկին։
Օրենքը սահմանում է, որ պարզեցված կարգով ժամանակավոր բնակության թույլտվության իրավունք կարող է տրվել այն օտարերկրյա քաղաքացուն, որն առնվազն երեք տարի ամուսնացած է Ռուսաստանում մշտապես բնակվող ՌԴ քաղաքացու հետ:
Օրենքն ուղղված է միգրացիոն օրենսդրության կատարելագործմանը` կապված կեղծ ամուսնությունների օգտագործման բացառման և կեղծ հայրության հաստատման հետ՝ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն կարգավիճակ ստանալու համար:
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար ամուսնության ժամկետի ավելացումը, այդ թվում՝ հետագա քաղաքացիություն ստանալու համար, կնպաստի խարդախությունների կանխմանը: