ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական կողմը բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Իսրայելի ավիահարվածներն Իրանի տարածքին։
«Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել բռնությունը և թույլ չտալ իրադարձությունների զարգացումը աղետալի սցենարով», – ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ–ի կայքում:
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Իրանին պատասխան գործողությունների հրահրելը և չգնալ անվերահսկելի էսկալացիայի:
«Պատրաստ ենք աշխատել բոլոր կողմերի հետ առճակատման մակարդակը նվազեցնելու համար», – նշել է Զախարովան:
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերը հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակում: CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական նպատակներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ էլ ասվում է, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ տեղերում սահմանափակ վնաս են կրել: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ գիշերային հարձակման հետևանքով երկու իրանցի զինվորական է զոհվել: