Փաշինյանը ՔՊ–ի պատգամավորներին պատմել է Ալիևի հետ վերջին հանդիպման մասին

Փաշինյանը նախ ելույթ է ունեցել, որից հետո ՔՊ–ականները նրան հարցեր են ուղղել խաղաղության պայմանագրի, սահմանազատման գործընթացի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև կառավարության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը Փաշինյանին պետք էր Ալիևի հետ կոնտակտ ունենալու համար․ Սուրենյանց
Օրաթերթի տեղեկություններով` հանդիպումը ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ է եղել ու տևել է մինչև ուշ երեկո։
«Նիկոլ Փաշինյանը իր վերջին արտագնա հանդիպումների արդյունքներն է ներկայացրել. խոսքը, մասնավորապես, Կազանում՝ ԲՐԻԿՍ–ի 16–րդ գագաթնաժողովի ընթացքում Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին է»,– գրում է թերթը:
Փաշինյանի ելույթից հետո ՔՊ–ականները նրան հարցեր են ուղղել խաղաղության պայմանագրի, սահմանազատման գործընթացի մասին:
Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր բան չի ասել. «Ինչ գիտենք` դա էր»,– «Ժողովուրդ»–ին ասել են իշխանական պատգամավորները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Կազանում ԲՐԻԿՍ–ի 16–րդ գագաթնաժողովի շրջանակում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարարել են շարունակել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու և կնքելու նպատակով։