Իսրայելի հարվածի հետևանքով երկու իրանցի զինվորական է զոհվել. ԶԼՄ

Զինվորականներից մեկը զոհվել է Հարավային Խուզեստան նահանգի Մահշեհր շրջանում տեղի ունեցած հարվածի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իրանի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով իրանական բանակի երկու զինծառայող է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ISNA գործակալությունը:
Ըստ առկա տվյալների՝ զոհվածներից մեկը մայոր Համզա Ջահանդիդեն է։ Հարվածի ժամանակ նա գտնվել է Խուզեստան հարավային նահանգում: Երկրորդ զոհվածի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը հոկտեմբերի 26–ի գիշերը ավիացիոն հարձակում է գործել Իրանի վրա: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ թիրախները եղել են «Ցամաք – օդ» հրթիռային համալիրները, ՀՕՊ միջոցները: The Jerusalem Post–ի տվյալներով՝ ՑԱԽԱԼ–ը 2 000 կմ հեռավորությունից գործի է դրել ավելի քան 100 ինքնաթիռ:
Իրանում նշել են, որ հարվածների են ենթարկվել Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգների ռազմական կենտրոնները: ՀՕՊ ուժերը հետ են մղել հարձակումը, սակայն, այնուամենայնիվ, վնաս հասցվել է:
Ինչպես հաղորդում է Sky News Arabia–ն, Իրանը երրորդ երկրի միջոցով տեղեկացրել է Իսրայելին, որ չի արձագանքի իսրայելական հարվածին: Ավելի վաղ Tasnim գործակալությունն իր աղբյուրների փոխանցմամբ գրել էր, որ Իրանը պատրաստ է պատասխանել Իսրայելի հարվածին։
«Պետք է դադարեցնել Թեհրանին սադրելը». ՌԴ–ն զսպվածության կոչ է անում Իսրայելին և Իրանին
Axios հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը զգուշացրել է Իրանին առաջիկա հարձակման մասին: Թել Ավիվը Թեհրանին խնդրել է չպատասխանել հարվածին՝ հակառակ դեպքում խոստացել է ավելի մեծ հարձակում հատկապես, եթե տուժեն Իսրայելի քաղաքացիները: