ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելը Արևմուտքի աջակցությամբ փորձում է տարածաշրջանային պատերազմ հրահրել. Մերձավոր Արևելքի երկրները չպետք է ներգրավվեն այդ «խաղի» մեջ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ես ցավակցություն եմ հայտնում մեր հարևան Իրանին և նրա կառավարությանը, որն անցած գիշեր իսրայելական ագրեսիայի թիրախ է դարձել», – ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Հաթայում:
Նրա խոսքով՝ Իսրայելի սիոնիստական կառավարությունը, որին աջակցում են արևմտյան տերությունները, փորձում է վառել տարածաշրջանային հակամարտության պատրույգը:
«Նրանց (Իսրայելին) սպասում է Աստծո անեծքը։ Տարածաշրջանի երկրները չպետք է ներքաշվեն Իսրայելի խաղի մեջ։ Սիոնիստական կառավարությունը ձգտում է տարածաշրջանային հակամարտության», - նշել է Թուրքիայի առաջնորդը։
Հիշեցնենք` Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գիշերը հայտարարել է Իրանում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին՝ հոկտեմբերի 1-ին հրեական պետության վրա հարձակումներին պատասխանելու շրջանակում: CBS News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է, որ Իրանի վրա իսրայելական հարձակումը սահմանափակվել է ռազմական նպատակներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա:
Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ էլ ասվում է, որ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգով, որոշ տեղերում սահմանափակ վնաս են կրել: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ գիշերային հարձակման հետևանքով երկու իրանցի զինվորական է զոհվել: