Վրաստանում այսօր անցկացվում են խորհրդարանական ընտրություններ, որոնք տարբեր ընտրատեղամասերում ուղեկցվում են ծեծկռտուքներով։ Պատգամավորական մանդատների համար պայքարում են 18 քաղաքական ուժեր։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության մրցակիցն է Արևմուտքի հետ ինտեգրման կողմնակից ընդդիմությունը: Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ այս ընտրությունը հավասարազոր է հանրաքվեի՝ պատերազմի և խաղաղության միջև։
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու համար Թբիլիսի են գործուղվել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Դավիթ Կարապետյանը, Արծվիկ Մինասյանն ու Տիգրան Աբրահամյանը:
Արծվիկ Մինասյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ են գրանցել դիտարկումների արդյունքում։ «Մեր այցելած ընտրատեղամասերում ի տարբերություն մյուս տեղամասերի, քվեարկությունը համեմատաբար հանգիստ էր ընթանում»․-արձանագրել է պատգամավորը։