Թունավորում շմոլ գազից. մայրն ու 3 երեխաները տեղափոխվել են Գյումրիի հիվանդանոցներ

10-ամյա տղան, 16-ամյա և 17-ամյա աղջիկները տեղափոխվել են Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մի կին ու նրա 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, նախնական վարկածով` շմոլ գազից թունավորման պատճառով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում, դեպքի մասին ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ Շիրակի մարզային վարչություն, հայտնել են, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից ընտանիքի անդամների մի մասը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը՝ «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց:
«Տեղում պարզվել է, որ Գյումրու ԲԿ է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Մարինե Բ.-ն, իսկ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 10-ամյա տղա, 16-ամյա և 17-ամյա աղջիկներ»,-գրում է կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորվել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվում:
Երկու օրում շմոլ գազից թունավորմամբ 7 երեխա է տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց