ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով արևմտյան գիտնականները զրկվել են կլիմայի փոփոխության վերաբերյալ կարևորագույն տվյալներից։ Այս մասին գրում է «The New York Times»-ը:
«Արևմուտքում Արկտիկան ուսումնասիրող մասնագետները տվյալների պակասի են բախվում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով»,-ասված է հոդվածում:
Հոդվածի հեղինակները պարզաբանում են, որ ռուս և արևմտյան գիտնականների միջև տեղեկատվության փոխանակումը գործնականում դադարեցվել է սահմանված պատժամիջոցների և այլ սահմանափակումների պատճառով: Սա հանգեցրել է բազմաթիվ համատեղ նախագծերի սառեցման։
Հիմնական խնդիրն այն է, որ արևմտյան գիտնականներն այլևս չեն կարող հետևել Արկտիկայում սառույցի հալման գործընթացներին:
«Առանց Ռուսաստանի գրեթե անհնար է հասկանալ, թե ինչպես է փոխվում Արկտիկան»,-ընդգծել է իտալացի հետազոտող Ալեսանդրո Լոնգին, որը զբաղվում է հավերժական սառույցների ուսումնասիրությամբ:
Նախկինում Արկտիկայի մշտադիտարկման հիմնական ցանցի մաս կազմող ռուսական կայաններից ստացվող տվյալների բացակայությունը հետազոտությունների կենտրոնացումը տեղափոխել է Հյուսիսային Ամերիկա և Եվրոպա, ինչը սահմանափակում է տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունների գիտական ընկալման ամբողջականությունը:
Արկտիկայի բնությունն ուսումնասիրող գիտնականները նույնպես բախվել են մի շարք նախագծերի սառեցման: Նորվեգացի հետազոտող Փոլ Ասֆոլմը, որը գրեթե 30 տարի համագործակցել է ՌԴ գործընկերների հետ, պատմել է, որ իրեն հրահանգվել է ընդհատել բոլոր շփումները:
«Հիմա մենք «սառցե վարագույր» ունենք»,-նշել է նա։
Ռուսաստանի մասնակցությամբ նախագծերի ֆինանսավորումը Եվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց հետո։ Եվրոպայի երկրները, այդ թվում` Ֆինլանդիան ու Նորվեգիան, կոչ են արել իրենց համալսարաններին սառեցնել կապերը ռուսական ինստիտուտների հետ և դադարեցնել ընթացիկ նախագծերը: